Կաթնատամների բուժում. մեթոդները, առանձնահատկությունները

Կաթնատամները պարզապես ժամանակավոր, առաջնային ատամների հավաքածու չեն, որոնցից շուտով ազատվելու ենք։ Դրանք կարևոր դեր ունեն ոչ միայն երեխաների դեմքի կմախքի զարգացման, խոսքի և արտասանության ձևավորման, ճիշտ կծվածքի ձևավորման մեջ, այլև ազդում են մարսողական գործընթացի վրա։

Եթե կաթնատամների հիվանդությունները անտեսվեն՝ չբուժվեն, ապա կարող են հանգեցնել լուրջ խնդիրների՝ ատամնաշարի տեղաշարժ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ և այլն։ Ստոմատոլոգները պնդում են, որ կաթնատամների բուժումը քմահաճույք չէ, այլ անհրաժեշտություն։ Այդպե՞ս է արդյոք։ Եկե՛ք միասին պարզենք այս հարցը։

Պե՞տք է արդյոք բուժել կաթնատամները

Տարածված կարծիք կա, թե կաթնատամների բուժումը ժամանակի և գումարի անիմաստ կորուստ է։ Այս տեսակետը հիմնված է այն մտքի վրա, որ մի քանի տարի անց ժամանակավոր ատամները փոխարինվելու են հիմնական ատամներով։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե ավելի նպատակահարմար կլինի վնասված ատամները պարզապես հեռացնել։ Սակայն սա հիմնովին սխալ պատկերացում է։ Կարիեսի անտեսումը և ժամանակին մանկական ստոմատոլոգիա չդիմելը կարող են հանգեցնել հետևյալին․

• կաթնատամի պուլպիտի զարգացում,
• բարդ բուժման կամ ատամի հեռացման անհրաժեշտություն,
• սխալ կծվածքի ձևավորման բարձր ռիսկ,
• հիմնական ատամների սաղմերի վնասում,
• ստոմատոլոգի մոտ այցի բացասական վերաբերմունք երեխայի մոտ։

Կարևոր է իմանալ։ Կաթնատամները ենթակա են նույն հիվանդություններին, ինչ մեծահասակների հիմնական ատամները։ Սակայն կաթնատամներն ավելի խոցելի են, քանի որ փոքր են չափսերով, արմատները ավելի կարճ և կոր են, իսկ էմալը՝ ավելի բարակ։

Կաթնատամների բուժման հիմնական մեթոդները

Եթե ցանկանում եք, որ ապագայում ձեր երեխան ունենա առողջ ատամներ, հոգ տարեք դրա մասին հենց հիմա։ Ի՞նչ է անհրաժեշտ անել։ Դիտարկենք կաթնատամների բուժման հիմնական առանձնահատկությունները։
Առաջին՝ կանխարգելում, որը ներառում է կանոնավոր զննումներ մանկական ստոմատոլոգի մոտ, բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի ուսուցում, մանկական ատամի մածուկի և խոզանակի ճիշտ ընտրություն, ատամների մասնագիտական մաքրում, ակոսների հերմետիզացում։
Երկրորդ՝ կարիեսի վաղ փուլում առանց միջամտության բուժման հնարավորություն՝ առանց բոռ մեքենայի կիրառման․

  • ռեմիներալիզացնող թերապիա (ֆտոր և կալցիում պարունակող դեղամիջոցների կիրառում),
  • ատամների ֆտորացում,
  • էմալի ինֆիլտրացիա հատուկ նյութերով (ըստ ցուցման)։

Երրորդ՝ կաթնատամների պլոմբավորում։ Ախտահարված հյուսվածքների հեռացումից հետո տեղադրվում է պլոմբ՝ օգտագործելով հատուկ նյութեր․

  • ապակեիոնոմերային ցեմենտ (արտազատում է ֆտոր և պաշտպանում ատամը),
  • կոմպոզիտային նյութեր (էսթետիկ են և ամուր)։

Չորրորդ՝ պուլպիտի և պերիոդոնտիտի բուժում՝ կիրառելով․

  • կենսաբանական մեթոդ (նյարդի կենսունակության մասնակի պահպանում),
  • նյարդի ամպուտացիա կամ էքստիրպացիա (նյարդի բորբոքված հատվածի հեռացում),
  • արմատախողովակների մշակում և պլոմբավորում՝ հաշվի առնելով կաթնատամների անատոմիական առանձնահատկությունները։

Հինգերորդ՝ ըստ ցուցման կաթնատամների հեռացում, երբ այլ տարբերակ չկա․

  • պսակի ուժեղ քայքայում,
  • քրոնիկ բորբոքում,
  • հիմնական ատամի սաղմի ախտահարման կամ կորստի վտանգ,
  • կիստայի առաջացում կամ էմալի զարգացման խանգարում,
  • վնասվածքներ։

Այս դեպքում կարող է անհրաժեշտ լինել հատուկ տարածապահպան սարքերի տեղադրում, հիմնական ատամի համար տեղ պահպանելու համար։

Կաթնատամների բուժումն ընդհանուր անզգայացմամբ

Հատուկ դեպքերում մանկական ստոմատոլոգը կարող է առաջարկել կաթնատամների բուժում ընդհանուր անզգայացմամբ․

  • խուճապային արձագանք, ստոմատոլոգի հանդեպ ուժեղ վախ,
  • մինչև 3–4 տարեկան տարիք, երբ երեխան չի կարող հանգիստ նստել ատամնաբուժական բազկաթոռին,
  • մեկ այցի ընթացքում բազմաթիվ ատամների բուժման անհրաժեշտություն,
  • ցավի նկատմամբ բարձր զգայունություն,
  • նյարդաբանական հիվանդություններ կամ զարգացման առանձնահատկություններ։

Իհարկե, այս դեպքում ծնողները բարձրացնում են ընդհանուր անզգայացման ընթացքում երեխայի անվտանգության հարցը։ Ժամանակակից մանկական անեսթեզիոլոգիան կիրառում է կարճատև ազդեցություն ունեցող դեղամիջոցներ, որոնք արագ դուրս են գալիս օրգանիզմից։ Դեղորայքային քնի ընթացքում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը վերահսկում է երեխայի շնչառությունը, զարկերակը, արյան ճնշումը և արյան մեջ թթվածնի մակարդակը, ինչի շնորհիվ ընդհանուր անզգայացմամբ կաթնատամների բուժումը լինում է առավելագույնս անվտանգ։

Կարևոր է իմանալ․ մինչև միջամտությունը երեխան պարտադիր անցնում է հետազոտություն՝ մանկաբույժի խորհրդատվություն, անեսթեզիոլոգի զննում, անալիզներ և ԷԿԳ։

Եթե դեռ չգիտեք, թե կաթնատամների բուժման որ եղանակն է հարմար ձեր երեխայի համար, ապա գրանցվե՛ք մանկական ստոմատոլոգի մոտ խորհրդատվության․ բժիշկը կընտրի ձեր իրավիճակին համապատասխան առավել արդյունավետ և անվտանգ տարբերակ։

Եղե՛ք առողջ։

Կիսվել:

Նմանատիպ

իմպլանտ ատամների

Ինչպե՞ս ճիշտ խնամել ատամները իմպլանտացիայից հետո

իմպլանտ արժեք

Իմպլանտ և ատամների իմպլանտացիա. առավելությունները, արժեքը, փուլերը

ատամնաքարերի մաքրում

Ատամնաքարի հետևանքները ատամների և լնդերի համար